Հասմիկ Պապյան․ Բոլոր ժամանակների լավագույն Նորման

02 Սեպտեմբերի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Սեպտեմբերի 2-ը խորհրդային և հայ անվանի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է:

Բեմի ապագա աստղը ծնվել է 1961 թվականին Երևանում։ 1982 թվականին Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան)։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատարներից մեկը։

Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են՝ Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը,Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունհենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։

Նրա խաղացանկը ներառում է՝ Մոցարտի Դոննա Աննա («Դոն Ջիովաննի»), Ռոսսինիի Մաթիլդա («Վիլհելմ Տելլ»), Հալևիի Ռաքել («Ջհուդուհի»), Բիզեի Միկաելա («Կարմեն»), Պուչինիի Միմի («Բոհեմ»), Մագդա («Ծիծեռնակ»), «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», Բոյտոյի Մարգարիտ / Ելենա («Մեֆիստոֆել»), Չայկովսկու Լիզա («Պիկովայա դամա»), Ռիխարդ Վագների Սենտա («Թռչող հոլանդացի») և այլն։

Պապյանը համագործակցել է նշանավոր դիրիժորների և համաշխարհային օպերային բազմաթիվ հայտնիների հետ:

Հետաքրքիր փաստ. «The Washington post»-ը Հասմիկ Պապյանին անվանել «Աշխարհի լավագույն Նորմա»։