Հաղթանակները վաղեմության ժամկետ չունեն. միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

01 Հունիսի 2023, 13:35

Մշակույթ

Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մայիսի 31-ին կայացած «Հաղթանակները վաղեմության ժամկետ չունեն» խորագրով միջոցառումը նվիրված էր հայ ժողովրդի մայիսյան փառահեղ հաղթանակներին։ Ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը, պետական այրեր, գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում, Հայոց պետականության կերտման և Արցախյան գոյապայքարի բոլոր մարտերում ընկած հայորդիների վառ հիշատակը։ Գիտակրթական համալիրի սաներն անդրադարձան հայոց պատմության մայիսյան փայլուն հաղթանակներին, որոնք վաղեմության ժամկետ չունեն, քանի որ հայ քաջորդիները ձեռք են բերել կյանքի ու արյան գնով՝ ապավինելով խաչին ու զենքին։

Վիրավոր Արցախում, չնայած բոլոր դժվարություններին, այժմ էլ արցախցին շարունակում է պայքարել հանուն խաղաղության։ Այսօր էլ երիտասարդ սերունդն իր պարտքն է համարում կրկին վերհիշելու հայ ժողովրդի անցած փառապանծ ուղին, վերարժևորելու հերոսների սխրանքները, ովքեր հայրենիքի ազատության համար չխնայեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Նրանց կոչն է՝ մշտարթուն պահել մեր պապերի, հայրերի ու եղբայրների հաղթանակները։ Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի տնօրեն Անահիտ Ղարաղազարյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց հայ ժողովրդի մայիսյան բոլոր ազատամարտերն ու հաղթանակները՝ Ավարայրից մինչև Առաջին հանրապետության կազմավորում, Մեծ Հայրենական, Շուշիի ազատագրում։

«Միջոցառման խորագրով ոչ միայն վերահաստատում ենք հայրենիքի համար պատմական ու բախտորոշ հաղթանակներին մեր հայորդիների նվիրումը, այլև ընդգծում, որ մեր պայքարը դեռ չի ավարտվել։ Մենք Արցախ աշխարհի տերն ու պահապանն ենք և պետք է այսօր էլ ոտքի կանգնենք ու պայքարենք հաղթանակի համար»,- ընդգծեց Ա. Ղարաղազարյանը։

ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը միջոցառումն այժմեական համարեց. «Մեր հաղթանակները ձեռք են բերվել քաջակորով սերուդների, զինակիցների նվիրական ջանքերի ու կյանքի գնով։ Այն ինչ հաջողվել է մեր ազգին անել երեք տասնամյակ առաջ, անտարակույս կհաջողվի և այժմ՝ անգամ Արցախի շուրջ ստեղծված ներկայիս բարդ ու աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում։

Պետք է կրկին հաղթանակի հանդեպ հավատ սերմանել յուրաքանչյուրի մոտ՝ զինվորականից մինչև շինական, ուսուցչից՝ պաշտոնյա և այդպես շարունակ։ Անկարելի է ունենալ արժանապատիվ խաղաղություն առանց մեր հաղթանակի»,- ԿԳՄՍ նախարարը։ Ճեմարանի սաները ներկայացրին Շուշիի ռազմագործողության պատմությունը, հրամանատարներին, ինչպես նաև ցուցադրեցին տեսահոլովակ, որտեղ իրենց հուշերն ու խոհերը կիսեցին Արցախյան շարժման և ազատամարտի մասնակիցներ՝ Արամ Մայիլյանը, Աշոտ Սարգսյանը և Վալերի Բալայանը։

Հայրենասիրական ստեղծագործություններով հանդես եկան «Մենք ենք մեր սարերը», «Տնջրե» երգի ու պարի պետական համույթները, Ստեփանակերտի պարարվեստի ու Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի և Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սաները։ 

Հիմա եթերում