Հայ-ադրբեջանական հակամարտության բարդությունը հասկանալու համար պետք չէ հանճար լինել․ Միխայիլ Սինելնիկով-Օրիշակ
05 Օգոստոսի 2025, 23:50
Քաղաքագետ և ամերիկագետ Միխայիլ Սինելնիկով-Օրիշակը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Հարցն այն է՝ արդյոք իսկապես կստորագրվի խաղաղության պայմանագիր, այլ ոչ թե հուշագիր կամ հերթական, այսպես կոչված, մտադրությունների հայտարարություն։ Իսկ մտադրությունները, դիվանագիտական լեզվով ասած, միշտ կողմ են համաշխարհային խաղաղությանը, ամեն լավ բանի, բայց միայն յուրաքանչյուր կողմ փորձում է այդ «խաղաղությունը» ստորագրել իր օգտին։ Եվ հենց այստեղ են առաջանում հակասությունները։
Եթե իսկապես խաղաղության պայմանագիր լինի, ապա դա, անկասկած, շատ մեծ իրադարձություն կլինի, բավական կարևոր իրադարձություն այս տարածաշրջանի համար, որը ցույց կտա` չնայած հակասությունների թնջուկին, այդ հակամարտությունները կարելի է լուծել ոչ միայն ռազմական միջոցներով։ Բայց այս իրավիճակը եզակի է նրանով, որ սա հետաձգված երկարատև հակամարտություն է, որը բազմիցս բռնկվել և մարվել է: Եվ եթե խաղաղության պայմանագիրը կարող է այն մարել թեկուզ միջին հեռանկարով, ապա դա, անկասկած, շատ մեծ հաջողություն է։ Բայց այս դեպքում պետք չէ հանճար լինել, որպեսզի հասկանանք այս ամբողջ բարդությունը»,- ասել է Սինելնիկով-Օրիշակը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ազդեցությունն այս հակամարտության վրա ուղղակիորեն փոքր է, և ԱՄՆ-ն այդ ուղղությամբ որևէ հատուկ ծախս չի անում, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով։
«Իսկ եթե հանկարծ հաջողվի կանգնել կողք կողքի և ասել, որ այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ հակամարտությունը լուծվել է, դա միշտ էլ լավ է նրանց համար», — եզրափակել է Սինելնիկով-Օրիշակը։