Հայ-ադրբեջանական հարցով Ռուսաստանին վերաբերող ոչինչ չենք կարող ասել․ Պետդեպի խոսնակ

08 Օգոստոսի 2023, 09:15

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրին հապճեպորեն գնալը նոր կոնֆլիկտներ կստեղծի։

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսք է գնում Հայաստանի եւ Ադրբեջանի մասին: Ավելին, ցանկանում եմ խոսել այն երկրներից, որոնք ուղիղ են կապված հարցի հետ, որոնք հակամարտության կողմերն են։ Մենք ուղիղ ենք աշխատում այդ երկրների հետ, հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելել է տարածաշրջան, ուղիղ խոսակցություն ունեցել։ Եվ մենք հավատում ենք, որ, ի հեճուկս այլ երկրների մեկնաբանությունների, որոնք այս հակամարտության կողմ չեն, խաղաղության համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակելու ենք աշխատել նրանց հետ այս նպատակը հետապնդելով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել է, թե «Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը՝ ի վնաս որակի և պատշաճ պատրաստվածության, ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի»։

Միլլերը խոսել է նաեւ Թուրքիայի դերակատարության մասին եւ ասել՝ հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում: