Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության գործողությունների հետևում կանգնած է ԱՄՆ-ի խաղը. Ալեքսեյ Լեոնկով
07 Ապրիլի 2025, 23:00
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը Հայաստանի կողմից գնդակոծությունների և հնարավոր շահագրգռված կողմերի ներգրավվածությունը տարածաշրջանում լարվածության սրման հարցում:
«Նախ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը դժգոհ է այն գործարքից, որն այժմ ընթանում է խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ըստ երևույթին, այնտեղ գրված չեն այն կետերը, որոնք նա իր համար կենսական է համարում, կամ նրա հովանավորները կենսական են համարում։ Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել լարված իրավիճակ Կովկասում, քանի որ ցանկացած ռազմական հակամարտություն Կովկասում կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանը կրկին բռնկվի։ Իսկ այն ֆոնին, որ հիմա սրվել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի հարաբերությունները, միգուցե սա մեկ պիես է կամ մեկ պիեսի գործողություն: Պարզապես Ադրբեջանը խաղում է իր դերը, քանի որ մենք գիտենք՝ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում, որը տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ադրբեջանին ակտիվորեն օգնել են Թուրքիան և Իսրայելը, որոնք շահագրգռված կողմեր են, ասենք, հակառակ կողմի, որը կանգնած է Իրանի դեմ։
Բայց այստեղ կա նաև երրորդ գործոնը։ Դա, հասկանալի է, Ռուսաստանի դերն է։ Վրաստանը ցույց է տալիս, որ փոխում է վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, և այդ գործընթացների ֆոնին անգլոսաքսերը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, չեն ցանկանում կորցնել Կովկասն իրենց ազդեցության գոտուց և ակնհայտորեն ջանքեր են գործադրում, որպեսզի նմանատիպ սադրանքները հանգեցնեն ավելի լուրջ հետևանքների։ Իսկ քանի որ այժմ ռուսական ներկայությունն Անդրկովկասում նվազագույն է, ավելին՝ Հայաստանն ինքը կասկածներ է հայտնում Գյումրիի ռազմաբազայում ռուսական զորքերի և ռուս սահմանապահների ներկայության շուրջ և շեղվում է դեպի ԱՄՆ, ապա մենք տեսնում ենք, որ հենց ԱՄՆ-ի համար առավել շահավետ իրավիճակ է ստեղծվում։ Եվ ես կարծում եմ, որ այս բոլոր գործողություններին, որոնք մենք դիտում ենք գրեթե շաբաթական կտրվածքով, հենց այս տարածաշրջանում ԱՄՆ-ի խաղն է։ Ադրբեջանն ուղղակի իրականացնում է՝ այդ գործողությունները ներկայացնելով որպես իր ազգային շահ», — հայտարարել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։