Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
01 Հունիսի 2024, 10:50
Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելքը Վիրապից հիշատակում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հիշատակության օրերին հաջորդող շաբաթ օրը: Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Գրիգոր Լուսավորիչը տարիներ շարունակ դիմացավ բազմաթիվ չարչարանքների՝ խավարի մեջ՝ շրջապատված օձերով ու կարիճներով, բայց չկորցրեց հավատը և ի վերջո դուրս եկավ ու հայոց աշխարհում տարածեց լույսը: Վիրապից ելքը եղավ հայոց մեծ դարձի սկիզբը։
Գրիգոր Լուսավորչի Ելքը Վիրապից
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը կապվում է Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի նահատակության, Տրդատ Գ արքայի հիվանդության ու Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հետ: Պատմիչ Ագաթանգեղոսը ներկայացնում է, որ անմեղ կույսերին սպանելուց հետո` հայոց արքան հիվանդանում է, իր մարդկային կերպարանքը կորցնելով նմանվում է խոզի:
Արքայի փրկության ելքի մասին հայտնում է թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, որին տեսիլք էր երևացել, ներկայացնում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը.
«Տերն անընդհատ բախում է մեր սրտի դռները, կանչում է Իր մոտ, տալիս է մեզ փրկության ճանապարհը: Արդյո՞ք լսում ենք Նրան»:
13 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվում մեծագույն սուրբը, որ բժշկի արքային: Տրդատն ապաքինվում է Գրիգորի աղոթքներով:
Երբ ասում ենք ավանդություն, թվում է, թե խոսում ենք ինչ-որ առասպելի մասին, նկատում է քահանան, սակայն Լուսավորչի բանտարկությունն ու ելքը հորինված պատմություն չէ։
Զնդանից ելքից հետո Լուսավորիչը կույսերի նահատակման վայրերում ամփոփում է նրանց մարմինները, ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք: Առաջավորաց պահքը Հայ Եկեղեցում պահպանվում է մինչև օրս: Լուսավորիչը քարոզում է Քրիստոսի վարդապետությունը, խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորում, նրանց մղում հոգևոր վերածննդի: Քարոզության վերջին օրը նրան է հայտնվում Միածին Փրկիչը, ցույց է տալիս Մայր տաճարի հիմնադրման վայրը:
301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն, Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվում է Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: Տեր Շահեն հավելում է՝ Տրդատ արքան ևս օգնում է քրիստոնեության տարածմանն ու ավելի ուշ նահատակվում։
Անլույս խավարում լույսը
Քրիստոնյայի կյանքը ճանապարհ է` խավարից դեպի լույս, որտեղ կարող են հանդիպել խոր վիրապներ, օձեր, խավար, տխրություն։ Լուսավորիչը փորձություններին դիմակայելու ու դեպի լույս գնալու լավագույն օրինակն է յուրաքանչյուրիս համար:
«Այս աշխարհը չարչարանքի գոտի է: Մարդը լացով է գալիս աշխարհ: Տա Աստված, որ հեռանա ժպիտով, այսինքն՝ ճանաչի իր Տիրոջը, միանա Նրան: Գրիգոր Լուսավորիչը կրեց զորեղ չարչարանքներ, ցույց տվեց Տրդատ արքային, որ իր զորությունն Աստծուց է: Տրդատը կարողացավ տեսնել Աստծո հրաշքը, որ կարող է բուժվել՝ անբուժելին»,- նշում է Տեր Շահեն:
Լուսավորիչը Վիրապի անլույս խավարի մեջ լույս էր: Նրա ելքով ոչ միայն լուսավորվեց հայոց, այլ նաև ամբողջ աշխարհը, ընդգծում է Տեր Շահեն: Հայ Եկեղեցու առաջին հովվապետի առաքելական գործը շատ կարևոր էր, նա անգամ այլազգիների մեջ տարածեց քրիստոնեությունը: Հոգևորականը հույս ունի հիշատակության օրը մեզ համար առիթ կլինի ևս մեկ անգամ խորհելու Լուսավորչի գործի, կերպարի մասին։
«Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է: Նա հավատարիմ էր Փրկչի պատգամներին, և հրեշտակները սպասավորում էին նրան (Խոր Վիրապում): Մենք չգիտենք, թե ինչ գանձ ունենք: Եթե կարողանանք իմաստնանալ, աշխարհին լուրջ ասելիք ունենք»,- ընդգծում է քահանան։
Հայ Առաքելական Եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը՝ նրա մուտքը Վիրապ, ելքը Վիրապից և նշխարների գյուտը: