Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելը Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգի մի մասն է․ Նորայր Պողոսյան
14 Դեկտեմբերի 2023, 23:00
Ադրբեջանը և Թուրքիան մշտապես թիրախավորում են հայկական եկեղեցին և հայկական սփյուռքը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի աշխատակից Նորայր Պողոսյանը։
«Ադրբեջանը և Թուրքիան մշտապես հայտարարում են, որ հայկական սփյուռքը խանգարում է և թույլ չի տալիս, որ Հայաստանի հետ հարաբերություններն իրենց հունով ընթանան։ Նման հայտարարություններն անակնկալ չեն, քանի որ սա իրենց օրակարգի մի մասն է։ Սփյուռքն ունի իր առանձին վերցված պահանջատիրությունը անկախ Հայաստանի կառավարության դիրքորոշումից։ Եվ պատահական չէ, որ թիրախավորված է հենց հայկական եկեղեցին»,- ասաց Պողոսյանը։
Խոսելով Երուսաղեմի «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված խնդրի մասին՝ նա նշեց․
«Ամեն օր կապի մեջ եմ Երուսաղեմի մեր ընկերների հետ։ Ցավոք, այնտեղ փոքրաթիվ դարձավ աշխարհիկ ներկայությունը, բայց հոգևոր ներկայությունը պահպանում է իր դիրքերը, և սրբավայրերի պահպանության մեջ ոչ մի զիջումների չի գնում։ Պայքարը շարունակվում է։ Հայտնի է միայն ցանկացած իրադարձության սկիզբն ու վախճանը, դրանց մեջտեղում ամեն ինչ փոփոխելի է։ Չկա կանխորոշված որևէ բան։ Մեր ժողովուրդը ծնված օրվանից պայքարում է, բայց ի տարբերություն Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների, Երուսաղեմի մեր միաբանությունը պայքարի փայլուն արդյունք է արձանագրել», եզրափակեց Պողոսյանը։