Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Նոր կիրակին

07 Ապրիլի 2024, 19:20

Մշակույթ

Այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը, գրում է qahana.am-ը։ Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար: Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում:

Այս կիրակին ունի հետևյալ հատկությունները: Նախ՝ ինչպես կիրակին բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը, այնպես էլ այս կիրակին վախճանն է ժամանակի և սկիզբը՝ մշտնջենավոր հավիտենականության: Երկրորդ՝ աներեկո է, քանզի երեկոն սրան չի այցելելու: Երրորդ՝ չունի գիշեր, միշտ ցերեկ է, և սրան այլ օրեր չեն հաջորդելու: Չորրորդ՝ անշարժ է ժամերի, րոպեների ու վայրկյանների համար, այսինքն՝ անժամանակ է:

Կրկնազատիկ

Այս օրը նաև Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով: Դրանք են՝ ազատությունը, հարությունը և փրկությունը: Նախ քննենք ազատության հարցը: Զատիկն ազատություն է նշանակում, և այս օրը կրկնակի ազատության օր է, հետևյալ պատճառով. թեպետ և Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն՝ քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, այն ժամ դա կոչվում է Կրկնազատիկ:

Երկրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն տվեց Իր Հոգով ու զորությամբ, ինչպես ասում է առաքյալը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6): Իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:

Դարձյալ՝ Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ և տոնախմբությամբ, և ոչ ինչպես հինը, քանզի հնում նավակատիքը միայն մարմնավոր ուրախության համար էր: