Հայ Առաքելական եկեղեցու դեմ տեղի ունեցողը հանցագործություն է ամբողջ հայ ազգի դեմ. Լևոն Չիդիլյան
12 Հունվարի 2026, 19:00
Այն, ինչ տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, հերթական աղետն է հայ ազգի համար: Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է վիրահայ հասարակական ու մշակութային գործիչ Լևոն Չիդիլյանը։
«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այն կառույցն է, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը։ Այն մեր ազգային ողնաշարն է, և փորձ է արվում բարեփոխումների անվան տակ այն քանդել»,- նշել է Չիդիլյանը։
Նա ընդգծել է, որ եկեղեցու ներսում ցանկացած խնդիր պետք է լուծվի բացառապես եկեղեցական կանոնադրության սահմաններում, այլ ոչ թե հրապարակային աղմուկի միջոցով։ «Սա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»,- հավելել է նա։
Չիդիլյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել համայնքների պառակտման, երբ «տարբեր ճամբարներում եղբայրը եղբոր դեմ կարող է կանգնել»։ Վիրահայ գործիչը անընդունելի է համարում ցանկացած անձի ներգրավումը Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավներում՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը։
«Ով էլ լինի, եթե արշավում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, նա դավաճան է և անընդունելի անձ։ Նույնիսկ եթե իմ հարազատ եղբայրը լինի, սրբության դեմ նման քայլը դատապարտելի է»,- հայտարարել է Չիդիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: