Հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում

12 Հուլիսի 2023, 23:55

Կրթություն | Հայեր

Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով։

Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով. չորս դպրոցական՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ երկուսը՝ «Քվանտ» վարժարանից:

Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Կամո Միրաքյանը և Արեգ Մկրտչյանն արժանացել են արծաթե, նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահան Բաղդասարյանը և «Քվանտ» վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանն (12-րդ դասարան) ու Աղասի Դարբինյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը՝ գովասանագրի։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ), Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ) և Տիգրան Մարգարյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների։