Հայ աշակերտուհին դարձել է միջազգային փառատոնի մրցանակակիր
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի վոկալի բաժնի աշակերտուհի Մարի Դադոյանը, դասատու՝ Լիա Տոնոյան, Մալթայում մասնակցել է «Golden voice» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Մարին «Show must go on» և «Colors of your dream» երգերով հանդես է եկել փոփ և եվրատեսիլյան անվանակարգերում։ Մրցանակների նվաճման արդյունքում Մարին միջազգային մրցույթների մասնակցության հրավեր է ստացել Իտալիայից, Մոլդովայից և Բուլղարիայից։
Մալթայում կայացած մրցույթ-փառատոնին մասնակցել է 29 երկրի 250 ներկայացուցիչ։
«Մարին հասցրել է հաղթանակներ տանել հանրապետական և միջազգային մի քանի մրցույթ-փառատոներում, իսկ հերթական այս հաջողությունն ավելի է ոգևորել թե՛ նրան, թե՛ Գավառի արվեստի դպրոցի կոլեկտիվին ու մեր աշխատակազմին։ Համոզված ենք, որ առաջիկայում էլ իր երաժշտական տաղանդով նա մեր քաղաքի անունը հնչեցնել կտա միջազգային այլ բեմերում»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։