Հայ Դատի հանձնախումբը կարևորում է հայամետ գործիչների ներկայությունը Թրամփի կառավարությունում. Արամ Համբարյան
28 Նոյեմբերի 2024, 22:00
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տված հարցազրույցում նշել է, որ լինելով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների պալատի անդամ, Թալսի Գաբբարդը կոմիտեից ստացել է ամենաբարձր վարկանիշը, որը հեշտ չէ վաստակել:
«Այս վարկանիշը պետք է վաստակել: Նա այն եզակի ամերիկացի օրենսդիրներից է, որ այցելել է Արցախ և իր գործընկերներին տեղյակ պահել տեղի հայերի առջև ծառացած խնդիրների մասին: Մյուս գործիչը Վիվեկ Ռամասվամին է, ով իր թեկնածության առաջադրման առաջին օրերից, կարծում եմ, նույնիսկ դրանից առաջ, շատ ակտիվ հանդես էր գալիս ի պաշտպանություն Հայաստանի և հատկապես (սա իսկապես կարևոր պահ է) մատնանշում էր Ամերիկայի արտաքին քաղաքականության կեղծավորությունը։ Նա հետևում էր ԱՄՆ միջամտություններին արտերկրում և տեսնում էր, որ այս գործողությունների արդարացումը, նույնիսկ երբ դրանք շատ դաժան և ավերիչ էին, հիմնվում էր այն գաղափարի վրա, որ մենք միավորվում ենք այլ դեմոկրատական երկրների հետ ընդդեմ բռնակալության:
Նա որպես օրինակ բերել է Հայաստանը և ասել՝ «եթե մենք իրականում ժողովրդավարության կողմն ենք, ապա ինչո՞ւ ենք զինում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք աջակցում Ադրբեջանին, ինչո՞ւ ենք նպաստում այն ցեղասպանությանը, որ նրանք արել են Արցախի ժողովրդի դեմ և, միևնույն ժամանակ, թողնում ենք արցախցիներին։ Նա շատ սուր է արտահայտվել այս հարցի շուրջ։ Ռամասվամին այդ մասին ասել է Թակեր Կարլսոնի շոուի ժամանակ։ Այս մասին ես էլ խոսել եմ Պիրս Մորգանի հաղորդման ժամանակ»,- ասել է Համբարյանը։
Երրորդ գործիչն, ըստ նրա, Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերն է, որի ընտանիքը՝ սկսած 1950-60-ական թվականներից, կարևորել է հայկական հարցերը։ Նրանք ակտիվորեն աջակցում էին հայերին Ուոթերթաունում և Մասաչուսեթսի արևելյան հատվածում, ինչպես նաև Ռոդ Այլենդում և այլ նահանգներում:
«Քենեդի կրտսերը շատ ուժեղ հայամետ դիրքորոշում ունի:
Չորրորդ գործիչն ապագա պետքարտուղար Մարկո Ռուբիոն է, ով նույնպես բարձր վարկանիշն ունի։ Նա իր պարտականությունները կսկսի Պետդեպարտամենտում, կարծում եմ, որպես երկրի պատմության մեջ ամենահայամետ թեկնածու։
Հինգերորդ գործիչը լիբանանյան արմատներով մարոնիտ Մասադ Բուլոսն է, նախագահի դստեր սկեսրայրը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա ակտիվորեն դիմում էր մերձավորարևելյան ընտրողներին: Նրանք տեղացի մահմեդականներ, արաբներ, քաղդեացիներ և հայեր էին: Ինձ թվում է՝ մարդիկ շատ առումներով դժգոհ էին ԱՄՆ արտաքին քաղաքականությունից։ Շատերն իսկապես վրդովված էին, իսկ Բուլոսը հայտարարել է, որ այդպես չպետք է լինի»,- նշել է Համբարյանը։