Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի հայերին թիրախավորած դոկտոր Օզի դեմ․ Կարեն Ճինպաշյան
28 Փետրվարի 2026, 00:00
ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը մեղադրվում է Կալիֆոռնիայի հայկական համայնքը թիրախավորելու մեջ այն բանից հետո, երբ ամերիկաբնակ բժիշկը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ նա իրականացնում է այսպես կոչված փողոցային «հետաքննություն», որն, ըստ երևույթին, կենտրոնացած է Լոս Անջելեսի հայկական թաղամասերի վրա։
«Մեր գրասենյակը ներկայումս ուսումնասիրում է տեղեկությունները, ըստ որոնց, դոկտոր Մեհմեթ Օզը վերջերս թիրախավորել է Հարավային Կալիֆոռնիայի ամերիկահայ համայնքը՝ հայերին պատկանող բիզնեսների առջև հնչեցնելով ռասայական երանգներ ունեցող մեղադրանքներ խարդախության վերաբերյալ։ Այդպիսի հայտարարություններ հնչեցվել են նաև հայտնի հացատան դիմաց։ Հաշվի առնելով պատմական զգայունությունները՝ մենք այս մեղադրանքներին լուրջ ենք վերաբերվում։ Ատելության ցանկացած դրսևորում տեղ չունի Կալիֆոռնիայում»,- ասել է նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Հայ Դատի Արևմտյան գրասենյակի մամուլի խոսնակ Կարեն Ճինպաշյանի հետ։
«Դոկտոր Օզը երկքաղաքացի է։ Ունի թե՛ ԱՄՆ-ի քաղաքացիություն, թե՛ Թուրքիայի։ Ծառայել է Թուրքիայում, լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, և ինչպես տեսնում ենք, ունի նաև հակահայկական տրամադրվածություն։ Վերոնշյալ հակահայկական վերաբերմունքը դատապարտվեց թե՛ նահանգապետի, թե՛ մի շարք կոնգրեսականների կողմից։ Եվ որպես հետևանք, տեսանք նահանգապետի և մեր կողմից նրա դեմ ներկայացված հայցերը»,- նշել է Ճինպաշյան։
Նրա խոսքով՝ դեռևս հայցերին համարժեք արձագանք չի տրվել, բացառություն է միայն այն, որ հայտերը ստացվել և հաստատվել են։
Մանրամասները՝ տեսանյութում։