Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին
09 Փետրվարի 2025, 21:20

Լոս Անջելեսում՝ Fairmont Century Plaza-ում տեղի է ունեցել Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի 2025 թվականի մրցանակաբաշխությունը (Producers Guild of America Awards), որի գլխավոր մրցանակին արժանացել է «Անորա» ֆիլմը։ Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմի ռեժիսորը Շոն Բեյքերն է
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցանակին հավակնող ֆիլմերից էին «Անորա»-ն, «Բրուտալիստ»-ը, «Բոլորովին անհայտ»-ը, «Կոնկլավ»-ը, «Դյունա. մաս երկրորդ»-ը, «Էմիլիա Պերես»-ը, «Իրական ցավ», «Սեպտեմբերի 5», «Սուբստանցիա» և «Չարը» ֆիլմերը։
Հիշեցնենք, որ «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել, ինչպես նաև Critics Choice Awards-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: