Հայ դպրոցականը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում

11 Օգոստոսի 2025, 16:35

Կրթություն

Հայ դպրոցական Արամ Ամիրխանյանը բրոնզե մեդալ է նվաճել Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI), որն անցկացվել է օգոստոսի 2-9-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Յուրաքանչյուր երկիր կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմով, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 4 մասնակից (80 թիմ): Մասնակիցների տարիքային շեմը պետք է չգերազանցեր 20-ը։ Հայաստանը օլիմպիադային մասնակցել է 1 թիմով։

Թիմը ձևավորվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված 11-րդ դասարանի աշակերտներից՝ շուրջ 400 մասնակցի ներգրավմամբ կազմակերպված ազգային փուլի արդյունքներով։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյան և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել Արամ Ամիրխանյանը։