Հայ և ռուս ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ և դարավոր ավանդույթներ. Սամվել Կարապետյան

14 Ապրիլի 2025, 13:30

Քաղաքականություն

Տնտեսությունից բացի, կա ևս մեկ կարևոր գործոն, որը Հայաստանը չպետք է անտեսի․ դրանք հայ-ռուսական մշակութային կապերն են։ Այս մասին ապրիլի 12-ին Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի հանդիպման ժամանակ ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։

«Մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում՝ նպաստելով երկու երկրների զարգացմանը։ Եվ Ռուսաստանը մնում է արտերկրում հայկական սփյուռքի հիմնական երկիրը։ Վերջում ուզում եմ նշել, որ ԵԱՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում այլ երկրների և միավորումների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ի կորստի գնով։ Մենք կարող ենք և պետք է շարունակենք խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում՝ չվտանգելով մեր ռազմավարական շահերն ու տնտեսական կայունությունը։

Կոչ եմ անում ուշադիր գնահատել Հայաստանի արտաքին տնտեսական կուրսի հնարավոր փոփոխության հետ կապված բոլոր նրբությունները։ Մեր ապագան և բարգավաճումը ուղղակիորեն կախված են իրական տնտեսական ցուցանիշների վրա հիմնված հավասարակշռված և մտածված որոշումներից։

Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրենք ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ ևս տասնամյակներ զբաղվել փորձարկումներով: Մեր ընտրությունը պետք է լինի հավասարակշռված, ճշգրիտ և առանց սխալների այնպիսին, որն արդեն այսօր կտա իր արդյունքը և կդնի երկրի ապագայի ամուր հիմքերը»,- եզրափակել է Սամվել Կարապետյանը։