HAY GEN նախագիծը՝ Մոսկվայում. հայկական Սփյուռքը հայկական մշակույթի մասին
04 Սեպտեմբերի 2023, 19:30
HAY GEN-ը նոր նախագիծ է, որը թույլ կտա Մոսկվայի հայկական Սփյուռքին ավելին իմանալ հայկական մշակույթի մասին:
«Հայորդիկ» համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը կազմակերպել է ամենամսյա վարպետության դասեր, որոնք համախմբում են երիտասարդներին Մոսկվայից և Մոսկվայի մարզից։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին, Ռուսաստանի հայերի միության (ՀՄՄ) երիտասարդական կենտրոնում։ Միջոցառման սկզբում «Հայորդիկ» համույթի սաները պարել են և փոքրիկ վարպետության դաս անցկացրել։ Այնուհետեւ ելույթ է ունեցել Անահիտ Սարգսյանը՝ խոսելով իր՝ HAY GEN նախագծի մասին։
Միջոցառման բացման ժամանակ համույթի հիմնադիրն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։
« Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Չգիտես էլ՝ ինչ անվանես, 21-րդ դար՝ շրջափակում, ջուր չկա, լույս չկա։ Հավանաբար, մնացել է միակ հույսը, և ինչպես գիտենք, երեկ ունեցանք նաև մահացածներ, վիրավորներ: Քրիստոնյա լինելով՝ պետք է աղոթել առ Աստված, ասել, որ նրա աջը հայ ժողովրդի գլխին լինի։ Հուսով եմ, որ այս ծանր օրերը կանցնեն, և կգան ավելի լավ օրեր, և շրջափակում չի լինի»,- ասել է նա։
Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինվորների հիշատակը։
Վարպետության դասը ներառում էր հայկական լավաշի նշանակության և պատրաստման պատմությունը, ինչպես նաև «Կախարդական լավաշ» կարճ մուլտֆիլմի ցուցադրությունը։ Մուլտֆիլմից հետո աղջիկները լավաշ են բաժանել հանդիպման բոլոր մասնակիցներին։
Անահիտ Սարգսյանը վարպետության դաս է անցկացրել «Նուբար» ժողովրդական երգի կատարման վերաբերյալ: Հանդիսատեսը հաճույքով է երգել։
Միջոցառման եզրափակիչ փուլին հայկական պարերի վարպետության դաս է անցկացրել հենց Անահիտ Սարգսյանը:
Հանդիպման ավարտին նա շնորհակալություն է հայտնել մասնակցության համար և բոլորին հրավիրել հաջորդ վարպետության դասին, որը պետք է անցկացվի հաջորդ ամիս: