Հայ գիտնականների հոդվածը հրապարակվել է բրիտանական հայտնի ամսագրում

11 Մայիսի 2023, 18:20

Հայեր

News.am-ի փոխանցմամբ՝ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտաշխատողների նոր հոդվածը տպագրվել է Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության ամսական հաղորդումներում (Monthly Notices of the Royal Astronomical Society – MNRAS)։ Հեղինակներն են ԲԱ գիտաշխատողներ Ելենա Նիկողոսյանը, Նաիրա Ազատյանը, Դերենիկ Անդրեասյանը, Անահիտ Սամսոնյանը, Արարատ Եղիկյանը, Դանիել Բաղդասարյանը, ինչպես նաև Լեքս Կապերը և Նարեկ Հարությունյանը։

Բյուրականի աստղադիտարանը միշտ եղել է աստղաֆիզիկական հետազոտությունների այս ոլորտի առաջամարտիկ: Մի քանի Ֆուորներ են հայտնաբերվել և ուսումնասիրվել վերջին տասնամյակների ընթացքում: Այս ցանկը համալրվել է մեկ այլ օբյեկտով, որը հայտնաբերվել է այս տարի։ Գրեթե վերջին 20 տարիների ընթացքում կատարված դիտումների համեմատությունը ցույց է տվել, որ նոր Fuor-ի՝ J183421.85-055951.0-ի պայծառությունն աճել է գրեթե հազար անգամ (տես նկարը): Օբյեկտն ինքնին երիտասարդ աստղ է, որը գտնվում է RAFGL7009S ակտիվ աստղառաջացման տիրույթում՝ մոտ 2 կպ/կ (6·1016 կմ) հեռավորության վրա։ Նրա սպեկտրային բնութագրերը ցույց են տալիս, որ այս երիտասարդ աստղը շրջապատված է հսկայական շուրջաստղային սկավառակով, որի ակրեցիոն ակտիվությունը կարող էր հանգեցնել պայծառության նման զգալի աճի: Բացի այդ, այս երիտասարդ աստղը ինտենսիվ ուղղորդված արտահոսքի աղբյուր է, որը նույնպես Ֆուորի հատկություններից է։ Այս օբյեկտի մասին է «Նոր ժայթքող փոփոխական(ներ) RAFGL7009S HII տիրույթում» հոդվածը։

Աստղերի ուսումնասիրությունը, դրանց առաջացման և էվոլյուցիայի հիմնական օրենքները հասկանալը ժամանակակից աստղաֆիզիկայի հիմնարար խնդիրներից է: Ուստի այս հարցին մեծ ուշադրություն է դարձվում։ Աշխարհի աստղաֆիզիկոսների ջանքերը զգալի արդյունքներ են տվել՝ բացահայտելով Տիեզերքի որոշ գաղտնիքներ։

Այնուամենայնիվ, շատ հարուստ և բազմազան աստղային բնակչության երիտասարդ աստղերի մեջ կան օբյեկտներ, որոնք դեռևս առեղծվածային են մնում: Դա այսպես կոչված Ֆուորներն են՝ երիտասարդ ժայթքող աստղերը, որոնց պայծառությունը մի քանի օրվա ընթացքում կարող է ավելանալ ավելի քան հազար անգամ և մի քանի տասնամյակ մնալ նույն մակարդակի վրա: Դրանք սկսած անցյալ դարի կեսերից, երբ հայտնաբերվեցին առաջին երեքը, աստղաֆիզիկոսների ինտենսիվ ուսումնասիրության օբյեկտներն են։

Հետաքրքիր է, որ այս աստղերը Ֆուոր է անվանել Վիկտոր Համբարձումյանը FU Orionis (Օրիոն համաստեղության FU աստղի) անվամբ՝ FU-Or։

Չնայած մեծ ուշադրությանը՝ դրանք մնում են առեղծված: Ավելին, հսկայական Տիեզերքում հայտնի է ընդամենը մոտ 30 այդպիսի աստղ։ Մինչ այժմ առաջարկվել են մի քանի տարբեր մոդելներ՝ բացատրելու Ֆուորի ֆենոմենը։ Դրանք հիմնված են տարբեր ֆիզիկական պրոցեսների վրա, որոնք կարող են հանգեցնել աստղային սկավառակից աստղի մակերևույթ նյութի կուտակման կտրուկ աճի:

Այնուամենայնիվ, առաջարկված մոդելներից ոչ մեկը չի կարող լիովին բացատրել այս օբյեկտների բոլոր դիտողական տվյալները: Մի շարք հարցեր մնում են չլուծված. Ի՞նչն է առաջացնում ուժեղ ակրեցիոն երևույթներ: Ի՞նչն է անջատում կամ ժամանակավորապես դադարեցնում դրանք: Արդյոք բոլոր աստղերն իրենց ձևավորման ընթացքում ունենո՞ւմ են բարձր ամպլիտուդային ակրեցիոն պոռթկումներ, թե՞ դա պահանջում է հատուկ հանգամանքներ: Եվ այս ցանկը կարելի է շարունակել։ Ուստի զարմանալի չէ, որ Ֆուորի յուրաքանչյուր նոր հայտնագործություն նշանակալից իրադարձություն է, և այն դառնում է ակտիվ ուսումնասիրության առարկա։