Հայ համայնքն ակնկալում է, որ Սիրիայի նոր Սահմանադրության մեջ իր իրավունքները կպահպանվեն.Պողիկյան
31 Հունվարի 2025, 20:25
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը Alpha News-ի հետ զրույցում տեղեկություններ է հայտնել Սիրիայի հայ համայնքի մասին:
«Վառելիքի, սննդամթերքի պակաս այս պահին չկա: Ամեն ինչ կա սիրիական շուկայում, սակայն անգործություն է տիրում, որի հետևանքով մարդկանց ֆինանսական կարողությունները նվազել են: Դա շատ մեծ դժվարություններ է առաջացնում, որովհետև բարդ է նյութական ծանր վիճակում գոյատևել, պահել համայնքի դպրոցները: Հիմնականը տնտեսական դժվարությունն է: Անշուշտ, հայ համայնքը ակնկալում է վերականգնված տեսնել իր իրավունքները՝ Սիրիայի նոր Սահմանադրության մեջ»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ սիրիական քաղաքներում վերջին օրերին հրթիռակոծություն չկա, թեև լրատվամիջոցները գրում են, որ անհանգիստ է իրավիճակը Սիրիա-Լիբանան սահմանին:
«Կա կարգուկանոն հաստատելու անհրաժեշտություն: Քաղաքում շատ քիչ թվով ոստիկաններ կան: Սա է մեր մտահոգությունը:
Կարծում եմ, որ առաջիկա օրերին այս խնդիրն էլ կլուծվի: Հուսով ենք, որ կարգուկանոն կհաստատվի, իսկ տնտեսությունն աստիճանաբար ոտքի կկագնի՝ հաշվի առնելով արաբական երկրների ներդրումները, պատիժների սահմանման վերացումը և այլն : Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Սիրիա-Լիբանան սահմանին երբեմն Իսրայելը հրթիռակոծություններ է կատարում, բայց վերջին 2-3 օրերի ընթացքում քաղաքներում հարձակումներ չեն եղել»,- եզրափակել է Զարմիկ Պողիկյանը: