Հայ-իրանական անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնների մրցութային ծրագրերում է
19 Հունվարի 2024, 18:19
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը 2023-ին համաշխարհային պրեմիերայից հետո ինն ամսում մասնակցել է 45 կինոփառատոնի, ստացել ինը մրցանակ: Չեն ուշացել նաև 2024-ի առաջին լուրերը. հունվարին ֆիլմը ներառվել է Փարիզի միջազգային անիմացիոն փառատոնի «Հորիզոններ» մրցութային ծրագրում և Պորտուգալիայի «IndieJunior Porto» միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի մրցույթում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«Թռչող տերևների երգը» հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է, հայկական «Հոշկի ֆիլմ» և իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությունների համատեղ արտադրությունը։ Ռեժիսորի հետ միասին ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը, կոմպոզիտորն է Միքայել Ոսկանյանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Հակոբյանը, դերերում՝ Արմինե Անդան և Գագիկ Ղազարէն։