Արդյո՞ք երեկ պետք է տեղի ունենար հայ-իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը. պարզաբանում ԱԳՆ-ից ու ՏԿԵՆ-ից

20 Մայիսի 2024, 12:19

Քաղաքականություն

Ռուսական և հայկական մամուլում երեկ ակտիվ շրջանառվում էր այն տեղեկությունը, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մայիսի 19-ին պատրաստվում էր այցելել Հայաստան՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի բացման արարողությանը մասնակցելու համար:

Սակայն վերջին պահին այցը չեղարկվել է, և Իրանի նախագահը փոխարենն այցելել է Ադրբեջան:

Alpha News-ը փորձեց ճշտել՝ արդյոք երեկ սպասվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան:

Մենք կապ հաստատեցինք ՏԿԵ մամուլի ծառայության հետ: Մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում, չհստակեցնելով կոնկրետ օրը, նշեց, որ Իրանի հետ ընդհանուր միջոցառում անցյալ շաբաթ նախատեսված էր:

Նա, մասնավորապես, նշեց՝ անցյալ շաբաթ Ագարակ-Քաջարան հատվածում սպասվում էր ճանապարհահատվածի բացման արարողություն:

Սոնա Հարությունյանը, չնշելով պատճառը, ասաց, որ այդ միջոցառումը տեղի չի ունեցել:

Alpha News-ը ավելի ուշ պատասխան ստացավ ՀՀ ԱԳՆ-ից.

«Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, նախնական տվյալներով՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավարը։

Իրանի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են երկու երկրների սահմանին Արաքս գետի վրա կառուցված հիդրոհանգույցի բացման արարողությանը։

Նախագահ Ռաիսին երկիրը ղեկավարում էր 2021 թվականի օգոստոսի 3-ից։