Հայ Իրավաբանների Ասոցիացիայի կոչը հայրենակիցներին՝ դիմել իրենց իրավական օգնություն ստանալու համար
14 Հունվարի 2025, 22:30
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արդեն մի քանի օր է` անտառային հրդեհներ են մոլեգնել։ Վերջին տվյալներով մահացել է 24 մարդ, նույնքան մարդ համարվում է անհետ կորած, 150 հազար մարդ տարհանվել է: Ինչպես հայտնի է աղետը հասել է նաև հայաբնակ տարածքներ: Այս օրերին շատ ակտիվ աշխատում են նաև փաստաբանական գրասենյակները, որոնք մարդկանց օգնում են, ուղորդում, որ փոխհատուցման համար դիմեն համապատասխան կազմերպություններին: Թեմայի վերաբերյամ Alpha News-ը զրուցել է Հայ Իրավաբանների Ասոցիացիայի անդամ, փաստաբան Անի Փափիրյանի հետ:
Նա նշել է, որ կան կենտրոններ, որոնք արդեն իսկ տեղի հայերին աջակցություն են ցուցաբերում, հայկական եկեղեցիները ևս ակտիվ աշխատում են, օգնության կարիք ունեցողներին գրանցում են, և թև-թևի տված փորձում են դուրս գալ այս դժվարին իրավիճակից:
«Հայ Իրավաբանների Ասոցիացիան հանդես է գալիս նախաձեռնությամբ և կոչ է անում մեր հայրենակիցներին և ոչ միայն՝ բոլոր տուժածներին դիմել մեզ և ստանալ համապատասխան իրավաբանական օգնություն: Ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալու համար նախ մարդիկ պետք է կարողանան փաստերով ներկայացնել այն ունեցվածքը, որն ունեին ու աղետի պատճառով կորցրել են, դրանք կարող են նկարներ լինել, կամ համապատասխան թղթաբանություն: Կամ մարդիկ կարող են դիմել Արտաքին իրավիճակների ծառայություն: Սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք չունեն ապահովագրություն: Նրանք կարող են դիմել ծառայությանը և փոխհատուցում ստանալ»,- նշել է Փափիրյանը: