Հայ ժողովուրդն ընտրություններում պետք է արտահայտի իր կամքը․ Կոնստանտին Տասից

27 Հոկտեմբերի 2025, 21:45

Քաղաքականություն

Քաղաքագետ և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի ընդդիմադիր առաջնորդների ձերբակալություններն ու կալանավորումները և այն, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։

«Իշխանությունները դա հիմնավորում են նրանով, որ ակտիվացնում են կոռուպցիայի դեմ պայքարը։ Համապատասխանաբար, ինչպես մեդիա արշավում, այնպես էլ քննչական մարմինների գործողություններում երևում է ակտիվացում՝ տարբեր կալանավորումներ և այլն։ Դրանով իսկ հասարակության մեջ, ավելի շուտ, վախի մթնոլորտ է ստեղծվում։ Այս գործողություններն, ըստ էության, կապված են քաղաքական իրադարձությունների, խորհրդարանական ընտրությունների հետ, քանի որ ցածր վարկանիշի պայմաններում իշխանություններին անհրաժեշտ է, որ հասարակության մեջ պահպանվի ապատիան, որպեսզի բողոքի ալիք չլինի։ Ուստի հարվածի տակ են հայտնվում բոլոր նրանք, ովքեր գոնե ինչ-որ կերպ արտահայտում են իրենց ընդդիմադիր դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ»,- կարծում է Տասիցը։

Փորձագետը զուգահեռներ է անցկացնում Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի միջև։

«Արդարադատությունը կրում է ընտրովի բնույթ. նախ, ձերբակալվում են նախկին իշխանությունների ներկայացուցիչները կամ ընդդիմադիր գործիչները, մինչդեռ գործող իշխանության կամ դրան մոտ կանգնած մարդկանց հետ կապված կոռուպցիոն սկանդալները զարգացում չեն ստանում։ Միշտ շատ բարդ հարց է, թե ինչպես կզարգանան գործընթացները և որքան երկար կտևեն։ Օրինակ՝ Մոլդովայում տեսանք, որ իշխանությունները նախընտրական շրջանում արգելափակեցին հեռուստաալիքներն ու քաղաքական կուսակցությունների գրանցումը՝ բավականին կեղծ պատրվակով։ Այնտեղ պայքարում էին ընտրական կոռուպցիայի դեմ։ Մյուս կողմից, կա Վրաստանի օրինակը։ Միխայիլ Սաակաշվիլու օրոք զգալիորեն նվազեցին բարեփոխումների և արդիականացման հետ կապված դրական պահերը, ուժեղացավ ավտորիտարիզմը, լրտեսների և արտաքին ազդեցության որոնումը, ինչպես նաև սկսվեց հաշվեհարդարն ընդդիմության հետ։ Այս ամենն, ի վերջո, հանգեցրեց ընտրություններում նրա պարտությանը»,- նշել է Տասիցը։

Քաղաքագետի կարծիքով՝ միայն հայ ժողովուրդը կարող է առաջիկա ընտրություններում ասել իր կշռադատված խոսքը և արտահայտել իր վերաբերմունքն իշխանությունների գործողությունների նկատմամբ։

«Տվյալ դեպքում որոշումը կայացնելու է հայ ժողովուրդը, որը պետք է հասկանա՝ Հայաստանի իշխանությունների գործողություններում ավելի շատ պլյուսնե՞ր կան, թե՞ մինուսներ։ Այդ իմաստով ժողովուրդը պետք է ընտրություններում արտահայտի իր կամքը»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։