Հայ ժողովուրդը ձևավորվել է «Ադրբեջան» բառից հազար տարի առաջ. Յակով Կեդմի
13 Նոյեմբերի 2025, 21:30
Իսրայելի «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե հայերը Հայաստանի ներկայիս տարածքի բնիկ բնակչությունը չեն, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավին:
«Հայերը, պարզվում է, բնիկ ժողովուրդ չեն այն հողերի վրա, որտեղ նրանք ապրում են։ Այդ դեպքում որտեղից են նրանք: Լուսնի՞ց են եկել: Որտեղ է ձևավորվել հայ ժողովուրդը, որտեղ էին հայկական պետությունները դեռ հազար տարի առաջ, նախքան որևէ մեկը լսեր «Ադրբեջան» բառը, նախքան թուրքերի մասին որևէ բան հայտնի լիներ։
Այսօր ընթանում է այն նույն գործողությունը, որը կատարվել է Չեխոսլովակիայի նկատմամբ։ Սկզբում լուծեցին Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Փաշինյանի ուղիղ աջակցությամբ։ Այժմ քննարկվում է «Զանգեզուրի միջանցքը»։ Ասում են, որ այնտեղ պետք է վերադառնա ադրբեջանցի բնակչությունը, ուրեմն պետք է բնակեցնել ադրբեջանցիներով։ Իսկ հետո՝ Հայաստանը ընդհանրապես իրավունք չունի գոյություն ունենալու․ իբր դա իրենց հողերը չեն։
Նա (Փաշինյանը) լկտիաբար հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմի կոտորածը ԿԳԲ-ի ձեռքի գործն են։ Եվ որ, պարզվում է, թուրքերի հետ հարաբերությունները պետք է վերանայել։ Պարզվում է, որ թուրքերը միշտ հոգ են տարել հայերի մասին, ճիշտ է, ավելի շատ մահացածների, քան ողջերի մասին: Սա (ներկայիս իշխանությունը) հայ ժողովրդի խայտառակությունն ու ողբերգությունն է, որը շարունակում է հայկական պետությունը ոչնչացնելու իր գործողությունները։ Եթե վաղը դա տեղի ունենա, ով է պաշտպանելու Հայաստանը։ Թուրքիա՞ն, Մակրո՞նը», — նշել է Կեդմին։
Խոսելով այն մասին, թե ինչի վրա է հենվում Ալիևը և ինչ նպատակով է նման ամպագոռգոռ հայտարարություններ անում այն մասին, որ հայերը Հայաստանի ներկայիս տարածքի բնիկ բնակչությունը չեն, փորձագետն ասել է, որ դա պատմության կեղծիք է, որին հարմար է հավատալ: