Հայ կարատեիստների փայլուն արդյունքները. 13 մեդալ՝ ITKF-ի աշխարհի առաջնությունում
15 Հոկտեմբերի 2024, 12:52
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը 13 մեդալ է նվաճել հոկտեմբերի 7-14-ը Պորտուգալիայում կայացած ITKF-ի աշխարհի 22-րդ առաջնությունում։
Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորած հավաքականը նվաճել է 5 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե մեդալ անհատական ու թիմային մրցումներում:
Մեծահասակների պայքարում հավասարը չեն ունեցել Նարեկ Իսկանդարյանը, Արթուր Ոսկանյանը և Հովհաննես Հակոբյանը, որոնք թիմային կատա մրցաձևում դարձել են աշխարհի չեմպիոն։ Ի դեպ, Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
18-20 տարեկանների խմբում անհատական կատա մրցաձևում Էրիկ Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
16-17 տարեկանների խմբում անհատական կումիտե մրցաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Շահեն Առաքելյանը, իսկ Տիգրան Աբրահամյանը դարձել է փոխչեմպիոն։
14-15 տարեկանների խմբում անհատական ֆուկու-գո մրցաձևում Դավիթ Կոջամանյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ նույն տարիքային խմբում՝ անհատական կատա մրցաձևում Գագիկ Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Տիգրան Աբրահամյանը 16-17 տարեկանների խմբում, ֆուկու-գո մրցաձևում հռչակվել է աշխարհի չեմպիոն, Շահեն Առաքելյանը՝ փոխչեմպիոն:
16-17 տարեկանների թիմային կատա մրցաձևում Արթուր Խաչատրյանը, Տիգրան Աբրահամյանը և Դավիթ Կոջամանյանը արժանացել են արծաթե մեդալի։