Հայ մարզիկները սամբոյի աշխարհի առաջնությունում մեկ ոսկի և մեկ արծաթ են նվաճել

07 Հոկտեմբերի 2023, 20:48

Սպորտ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ մասնակցությամբ 26 պետության մարզիկների մեկնարկել է 2023թ. Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել հինգը։

«Հաջող ելույթներ ունեցավ պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, ով վիճակահանության արդյունքում բաց թողեց առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադացի և ղազախ մրցակիցներին՝ հասավ եզրափակիչ։ Լարված գոտեմարտում Արսենը 3։1 պարտվեց FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի գերասիմենկոյին և բավարավեց արծաթե մեդալով։

Գերազանց հանդես եկավ և ոսկե մեդալ նվաճեց պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը․ 8։0 հաշվով հաղթանակ ֆրանսիացու, 4։1՝ ռուսաստանցու, 8։0՝ ղազախի և եզրափակչում 3։1՝ ադրբեջանցու նկատմամբ։

Այսօր պայքարի կելնեն մեր մարզիկներից ևս վեցը», — նշված է հաղորդագրության մեջ։