Հայ պատանի կատարողներն անցել են «Մանկական Նոր ալիք 2023»-ի կիսաեզրափակիչ փուլ
Կրասնոդարի միջդպրոցական գեղագիտական կենտրոնի էստրադային երգեցողության բաժնի սան Կարոլինա Նասիբյանը (12 տարեկան) և Իգոր Կրուտոյի ակադեմիայի Կրասնոդարի մասնաճյուղի սան Ադրիանա Էչմելյանը (10 տարեկան) անցել են «Մանկական Նոր ալիք 2023» Համառուսաստանյան վոկալ մրցույթի կիսաեզրափակիչ փուլ, որը տեղի կունենա այս տարվա աշնանը Մոսկվայում:
Նման արդյունքի մեր երիտասարդ հայրենակիցները հասել են՝ հաջողությամբ անցնելով մրցույթի ազգային ընտրական փուլը Հարավային դաշնային շրջանում, որը տեղի է ունեցել հունիսի 4-ին Կրասնոդարում: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ-ն։
Կարոլինա Նասիբյանը քաջ հայտնի է մեր ընթերցողներին։ Նա հաճախակի հյուր է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքի միջոցառումներին՝ մշտապես հիացնելով բոլորին իր ձայնով և կատարողական վարպետությամբ, գրում է ՌՀՄ-ն։
«Մանկական Նոր ալիք» համառուսաստանյան մանկական վոկալ մրցույթը 2023 թվականին կանցկացվի արդեն 16-րդ անգամ։ Մրցույթին կարող են մասնակցել 2009-2016թթ. ծնված կատարողները: Երիտասարդ տաղանդները բացահայտելու համար ժյուրիում աշխատում են հսկայական ստեղծագործական փորձ ունեցող մասնագետներ: Կիսաեզրափակչի արդյունքներով հայտնի կդառնան այն կատարողները, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք «Մանկական Նոր ալիք» մրցույթի եզրափակչին: