Հայ ռեժիսորի «… Եվ նորից գարուն է» ներկայացումը կցուցադրվի Վորոնեժում անցկացվելիք Պլատոնովֆեստ-2023-ում

20 Օգոստոսի 2023, 21:28

Մշակույթ

Սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 2-ը Վորոնեժում կանցկացվի 12-րդ միջազգային պլատոնական արվեստի փառատոնի աշնանային մասը: Թատերական ծրագրում ընդգրկված են տարբեր երկրների թատրոնների դրամատիկական և խորեոգրաֆիկ ներկայացումներ:

Սեպտեմբերի 21-ին և 22-ին Կոլցովի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի «… Եվ նորից գարուն է» ներկայացումը: Ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է, որը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրել է Օ. Հենրիի պատմվածքների հիման վրա ներկայացումը:

Ռեժիսորը հումորով է համադրել սիրո, նվիրումի ու անձնազոհության մասին գրված պատմությունները, որոնցում հերոսները սխրանքներ են գործում, ներում ու երազում: Ռուսաստանում ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի։
Այս տարի պլատոնական փառատոնն անցկացվում է երկու ամիս։ Ֆորումի ամառային հատվածը տեղի է ունեցել հունիսի 2-ից հուլիսի 2-ը: