Հայ-ռուսական օրակարգերը, իշխանությունների շնորհիվ, գրեթե բոլոր ոլորտներում խնդրահարույց են․ Ղևոնդյան

Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը և ընդհանրապես նրա մոտեցումները Եվրոպական անվտանգության համակարգին էականորեն տարբերվում են այն ավանդական մոտեցումներից, որոնց մենք ականատես ենք եղել դեմոկրատների կառավարման ժամանակաշրջանում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«ՆԱՏՕ-ն այլևս 90-ականների և 2000-ականների սկզբների ՆԱՏՕ-ն չէ։ Ամերիկյան ընկալումը ՆԱՏՕ-ին այնպիսին է, որ բյուջեն պետք է հավասարակշռության սկզբունքով լինի։ Ասում են՝ մենք այլևս ձեր փոխարեն չենք վճարելու, իսկ ՆԱՏՕ-ի բյուջեի 50+1%-ն ամերիկյան միջոցներն են։ Բայց խնդիրը նաև նրանում է, որ եվրոպական անվտանգությունը պետք է ապահովվի ոչ միայն փողով։ Թրամփը շատ էմոցիոնալ ու հաճախ հակասական է խոսում, բայց ՆԱՏՕ-ի պարտավորությունների մասով ինքը սրում է իրավիճակը, որ մենք այլևս չենք մասնակցի եվրոպական անվտանգությանը, տեսնենք ռուսների դեմ ինչ եք կարողանալու անել»,- նշել է քաղաքագետը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին՝ քաղաքագետը նշել է, որ հայ-ռուսական օրակարգերը գործող իշխանությունների շնորհիվ դարձել են խիստ խնդրահարույց՝ գրեթե բոլոր ոլորտներում։

«Եթե հաշվի առնենք պաշտոնական պատվիրակության ծավալը և ընդգրկունությունը, կարող ենք ենթադրել, որ հարցերը լինելու են շատ և բավականին սուր։ Փաշինյանը փորձելու է կիրառել տարբեր խուսանավումներ, ներկայացնել ինչ-որ առաջարկներ և հանդես գալ արդարացումներով։ Բայց մենք գիտենք, որ գործ ունենք քաղաքական արկածախնդրի հետ, որը դարձել է պետության ղեկավար, և այդ արկածախնդրության արդյունքները պետության համար կարող են լինել շատ վտանգավոր»,- նշել է Ալեն Ղևոնդյանը։