Հայ-ռուսական տանի հարաբերություններն ընթանում են տարաձայնության ուղղությամբ. Բեզպալկո

12 Հոկտեմբերի 2023, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի միջոցով ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Լավրովը նկատի ունի, որ Հայաստանն, աստիճանաբար, հեռանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերություններից, թեև արտաքուստ դրանք դեռևս պահպանվում են։ Հայաստանը պահպանել Է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամակցությունը, դեռևս կասկածի տակ չի դրվում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումն ու կարգավիճակը: Բայց, ընդհանուր առմամբ, այդ ընթացքն ակնհայտ է, և այն կարող է ավարտվել նրանով, որ որոշ ժամանակ անց Ռուսաստանը Հայաստանից, եւ ընդհանրապես, Անդրկովկասից կփորձեն դուրս մղել։

Ի՞նչ է դա նշանակում: Դե, ակնհայտ է, որ դա կարող է նշանակել Ադրբեջանի և Թուրքիայի հզորացում մի կողմից, և մյուս կողմից, հակամարտության վերսկսում, բայց արդեն ոչ այնքան Ղարաբաղի, որքան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Բանն այն է, որ մի շարք երկրներ արհեստականորեն հակամարտություններ են նախաձեռնում, որպեսզի հետո հանդես գան արբիդրի դերում կամ, այսպես ասենք, հրապարակային կարծիքի համար՝ որպես խաղաղարար, որպեսզի այդ հակամարտություններն իրենք էլ դադարեցնեն, մարեն»,- կարծում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը կարծում է, որ արտաքին շահառուները տարածաշրջան են ներթափանցում հեռուն գնացող ծրագրերով։

«Տվյալ իրավիճակում, ես մտավախություն ունեմ, որ այստեղ կարող է ինչ-որ հակամարտություն ծավալվել, որը կկանխվի Միացյալ Նահանգների կողմից, բայց այդ տարածաշրջան ներթափանցելու, այդ տարածաշրջանը վերահսկելու նպատակով։ Այստեղ գլխավորը ոչ միայն Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու փորձն է, այլև Իրանի և Չինաստանի վրա ազդեցություն գործելը, և, անշուշտ, Կասպից ծովը վերահսկելու փորձը։ Հիշեցնեմ, որ Կասպյան տարածաշրջանը հայտարարվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ շահերի գոտի՝ հաշվի առնելով այդ տարածաշրջանում օգտակար հանածոների մեծ պաշարը», — ընդգծել է քաղաքագետը։

Փորձագետը հոռետեսորեն է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ և կանխատեսում է հետագա տարաձայնություններ երկու երկրների միջև: «Ես կարող եմ զգուշորեն ասել, որ նրանք շարժվում են դեպի Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև դանդաղ տարաձայնություն առաջացնելու ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց, գուցե Հայաստանի ղեկավարության փոփոխության հետ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն միություններից Հայաստանի դուրս գալու և Գյումրիի 102-րդ ռազմաբազայից ռուսական զորքերը Ռուսաստանի տարածք, կամ որևէ այլ տեղ՝ Հայաստանի տարածքից դուրս բերելու հարց առաջանա։ Այս պահին ես միտումներ եմ տեսնում։ Եթե դրանք պահպանվեն, ապա ամեն ինչ կարող է հենց դրանով էլ ավարտվել»,- եզրափակել է Բեզպալկոն։

Հիմա եթերում