Հայ-թուրքական հակամարտությունը չի կարող մեկ անցակետով լուծվել. Վարուժան Գեղամյան

04 Օգոստոսի 2023, 10:07

Քաղաքականություն

Մարգարայի կամրջի մոտ հայկական անցակետի կառուցումը իշխանությունը ներկայացնում է իբրև հայ-թուրքական սահմանի վերաբացում: Մինչդեռ, հայ-թուրքական բանակցություններում թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը, դեռ փետրվարին հայտարարեց, որ կամուրջը բացվելու է միայն երրորդ երկրների քաղաքացիների համար: Փորձագիտական հանրությունը մտավախություն ունի, որ այդ երրորդ երկրի քաղաքացիները կարող են լինել հատկապես ադրբեջանցիները:

«Ինչպես գիտեք, մեկ երրորդ երկիր կա, որը կարող է օգտվել Հայաստան-Թուրքիա սահմանից: Դա Ադրբեջանն է»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Վարուժան Գեղամյանը: Թուրքագետը թերահավատ է անգամ այն հարցում, որ կամուրջն, առհասարակ, կարող է առաջիկայում բացվել: Այդպիսի նախանշաններ Վարուժան Գեղամյանը Թուրքիայում չի տեսնում:

«Ես գրեթե վստահ եմ, որ անցակետի բացում, առնվազն առաջիկա ամսվա ընթացքում, նախատեսված չէ: Թուրքիայի նախապայմանները գնալով միայն ու միայն ավելանում են»,- ընգծում է թուրքագետը:

Անդրադառնալով դեռ անցյալ տարվանից կանգ առած հայ-թուրքական բանակցությունների թեմային, Գեղամյանը նշում է, որ այդ բանակցություններում կայացված որոշումների շուրջ հայկական կողմը չի շտապում մանրամասներ բարձրաձայնել: Այդ մանրամասները ավելի շատ բացահայտում են թուրք պաշտոնյաները, որից հետո միայն, Հայաստանի իշխանությունները ստիպված են լինում բացատրություններ տալ:

Գեղամյանը Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցողը բանակցություն չի համարում: Ըստ նրա՝բանակցությունը, նախ, հավասար ներկայացվածություն է և ընդհանուր շահերի շուրջ քննարկում: Մարգարայի կամրջի վերաբացումը, ըստ Վարուժան Գեղամյանի, ոչ թե հայ-թուրքական սահմանի բացում կարելի է կոչել, այլ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ շրջափակման մասնակի վերացում:

«Մեկ անցակետի բացումը ներկայացվում է իբրև ամբողջական խնդիրների լուծման առհավատչյա: Թուրքական կողմը որևէ կերպ չի ակնարկել անգամ, որ անցակետի բացումը կամ Մարգարայի կամրջի վերագործարկումը, ինչ-որ կերպ, կարելի է համարել հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց»,- նկատում է թուրքագետը:

Անդրադառնալով Մարգարայի կամրջի տնտեսական բաղադրիչին՝ մասնավորապես, իշխանության այն պնդմանը, որ այդ կամրջով ապաշրջափակվելու է Հայաստան-Թուրքիա սահմանը, որը տնտեսական հնարավորությունների կամուրջ է դառնալու, թուրքագետը շեշտում է. «Կամրջի բացումը ոչ թե տնտեսական խնդիր է լուծելու, այլ միայն ստեղծելու է տնտեսական սպառնալիքներ: Հայաստանի իշխանությունները անցակետի կառուցումը փորձում են ներկայացնել իբրև քաղաքական հաջողության փաստարկ»:

Ըստ նրա՝ չկան տնտեսական հաշվարկներ, չկան լուրջ վերլուծություններ, իսկ տարվող բանակցությունները գիտելիքահեն չեն: Դիտարկմանը, թե կա կարծիք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը դիտարկում է նաև՝ որպես սահման դեպի ԵԱՏՄ երկրներ, ինչից մենք կարող ենք օգտվել, թուրքագետը մեկանաբանում է. «Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի համար որևէ նշանակություն չունի, ինչպես և Ադրբեջանի համար: Թուրքիան ունի ավելի էժան տնտեսական հանգույց՝ Սև ծովով դեպի Ռուսաստան: Թուրքիան չի կարող կարճ ճանապարհները թողնել և նախընտրել Հայաստանի խորդուբորդ ճանապարհները»:

Նա բացատորւմ է, որ Թուրքիան խոշորագույն ներդրումներ է արել իրեն հետաքրքրող տարածաշրջանների այլ երկրներում ևս, որոնց հանդեպ ունի քաղաքական հավակնություններ.«Սկսած՝ օրինակ, Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանների շահագործումից, ավարտած Մակեդոնիայով և Բուլղարիայով»:

Ըստ Գեղամյանի՝ կարևոր ենթակառուցվածքները թշնամական երկրի ձեռքում պահելը վտանգավոր է նրանով, որ այն ցանկացած պահի կարող է դառնալ քաղաքական ազդեցության գործիք, եւ Հայաստանն ավելի վատ վիճակում է հայտնվելու, քանի որ չունի ելք դեպի ծով, ինչպես Վրաստանը: Գեղամյանը նաև հարցադրում է անում. «Եթե կարելի է Հայաստանը նվաճելու գնով ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններ ունենալ, ինչու՞ դա չանել»:

Մասնագետը համոզված է, որ հայկական շուկան՝ իր բոլոր ենթակառուցվածքային հնարավորություններով, Թուրքիային որևէ հավելյալ արժեք չի կարող տալ: Այդ երկրի շահագրգռվածությունը հետևյալում է՝ նվաճել հայկական շուկան և տնտեսական գործիքակազմի միջոցով Հայաստանը գցել կախման մեջ: «Ի տարբերություն այլ երկրների, Թուրքիան այդ ամենը չի էլ թաքցնում»,- եզրափակում է թուրքագետը: