Հայաստան է ժամանում երկրորդ հայ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը
20 Հունիսի 2023, 21:30
Tech.news-ի փոխանցմամբ՝ բոլորովին վերջերս աշխարհում ևս մեկ հայ դարձել է տիեզերագնաց․ Հարություն Կիվիրյանը հանձնել է քննությունները և պաշտոնապես դարձել փորձնական տիեզերագնաց՝ հայազգի երկրորդ տիեզերագնացը։ Առաջինը, հիշեցնենք, Ջեյմս Բաղյանն է, որը վերջերս ավարտել է տիեզերական կարիերան և կենտրոնացել բժշկության վրա։
Հարություն Կիվիրյանը գալիս է Հայաստան և կմասնակցի բաց հանդիպում-քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 20:30-ին, Մտքարան ակադեմիայում։ Միջոցառման ընթացքում նա կխոսի տիեզերագնաց դառնալու իր փորձի և ապագա թռիչքների մասին, ինչպես նաև կպատասխանի հետաքրքրող հարցերին։
Բաց հանդիպմանը մասնակցելու համար պետք է գրանցվել՝ կապ հաստատելով տելեգրամյան @marat_10 կամ @mtqaran_bot հասցեներով։
Հարություն Կիվիրյանը ծնվել է ՌԴ Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքում 1993-ի օգոստոսի 23-ին։ 2007-2010 թվականներին Հարությունը սովորել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմամարզական վարժարանում, որից հետո ընդունվել է Դ․ Ֆ. Ուստինովի անվան Բալթյան պետական տեխնիկական համալսարանի հրթռա-տիեզերական տեխնոլոգիաների ֆակուլտետի հրթիռային ճարտարագիտության ամբիոն: Ուսումն ավարտելուց հետո «РКК «Энергия» им. С.П. Королева» ԲԲԸ-ի Թռիչքային թեստավորման վարչությունում նշանակվել է որպես ինժեներ։
2017-ի դեկտեմբերին Հարությունը ներկայացրել է փաստաթղթերը տիեզերագնացների կորպուսի շարքերը համալրելու ընտրական փուլին մասնակցելու համար, դարձել ընտրական փուլի (որին մասնակցել է 1404 մարդ) հաղթողներից մեկը, ապա առաջարկվել է, որպեսզի նա նշանակվի Ռոսկոսմոսի տիեզերագնացների կորպուսի փորձարկող-տիեզերագնացի թեկնածու։
2021-ի ապրիլի 1-ին Հարությունն ընդգրկվել է Ռուսաստանի տիեզերագնացների կորպուսի կազմում։