Հայաստան են վերադառնում Ռուսաստանի համար գյուղմթերքով բեռնված հարյուրավոր բեռնատարներ
24 Օգոստոսի 2025, 12:30
Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան մեկնող հարյուրավոր հայկական բեռնատարներ վերադառնում են Հայաստան: Այս մասին հայտնել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ չմանրամասնելով, թե որ երկրի իշխանություններն են վերադարձնում բեռնատարները, արդյոք մաքսային կամ սահմանային ընթացակարգերի խախտում կա, ինչպես նաև ով է որոշում կայացնում դրանք վերադարձնելու մասին:
«Մեր տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ հետ են վերադառնում: Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ դրա արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողները հսկայական վնասներ են կրում։
«Նշեմ, որ այլ ապրանքներով բեռնված բեռնատարներ ևս ենթարկվում են մանրակրկիտ զննման, ինչի հետևանքով խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ փոխադրող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի պարագայում» , — նշել է պատգամավորը։
Նա տեղեկացրել է, որ բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռևս սպասում են որոշման: