Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն կա. պետք է մշակվի 10-20 տարվա ծրագիր. Գևորգյան
11 Հունիսի 2025, 21:25
Լեհաստանում հայ համայնքը բավականին հին է և հարուստ պատմություն ունի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Լեհաստանում «Հայկական երիտասարդական միության» փոխնախագահ Հովհաննես Գևորգյանը։
«Համայնքը պահպանելու համար պետք է ոչ թե ավանդական ճանապարհով շարժվել, այսինքն՝ Հայաստանից պարզապես որոշակի ներդրումներ կատարել, այլ համայնքը կապել Հայաստանի հետ։ Անհրաժեշտ է կազմակերպել միջոցառումներ, ֆինանսական աջակցություն տրամադրել հայկական դպրոցներին կամ ամառային դպրոցներ նախաձեռնել լեհահայ երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մեկ ամսով այցելել Հայաստան»,- նշել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ սփյուռքը պետք է ներդրումներ կատարի Հայաստանում, որպեսզի իրավատեր լինի։
«Պետք է նաև հասկանալ, թե որոնք են սփյուռքից Հայաստանի սպասելիքները։ Օրինակ, գոյություն ունի հրեաների եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտը, որը 2019-2020 թթ. հետաքրքիր հետազոտություններ է իրականացրել։ Հրեաներին հարցրել են՝ արդյոք սփյուռքն անհրաժեշտ է հրեաներին, և հակառակը։ Հարցվածների մոտ մեկ երրորդը բացասական պատասխան է տվել։ Կարծում եմ՝ հայության դեպքում ճնշող մեծամասնությունը դրական պատասխան կտա։ Եթե պատասխանը դրական լինի, ապա անհրաժեշտ կլինեն կոնկրետ գործողություններ և ծրագրեր»,- հավելել է Գևորգյանը։
Ըստ նրա՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն կա։ «Պետք է մշակվի 10-20 տարվա ծրագիր։ Անհրաժեշտ են մարդիկ, ովքեր գրքեր կգրեն, համաժողովներ կկազմակերպեն Հայաստանում և արտերկրում, կներգրավեն դասախոսների, պրոֆեսորների, այդ թվում՝ հայոց պատմության, մշակույթի և այլ ոլորտների մասնագետների։ Այս դեպքում սփյուռքի ազդեցությունը կլինի ավելի լայն ու խորքային»,- ընդգծել է Լեհաստանում «Հայկական երիտասարդական միության» փոխնախագահը։