Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է. Զատուլին
26 Մարտի 2025, 14:28

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 64, դեմ՝ 7 պատգամավոր։
Զատուլինը նշել է՝ հենց ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ «Հայաստանի տնտեսությունը դոպինգ է ստացել», իսկ ԵՄ-ին անդամակցելը կնշանակի դուրս գալ այդ տարածքից։ Պատգամավորը կարծիք է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին «Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է», քանի որ Եվրոպան առայժմ նման բան չի խոստացել:
«Բայց Հայաստանն արդեն սկսել է ենթարկվել Եվրամիությանը, ինչպես նաև միության առանձին անդամներին, օրինակ՝ Ֆրանսիային, որոնք բորբոքում են Փաշինյանի՝ հետխորհրդային տարածքից դուրս պրծնելու ցանկությունը», — նշել է պատգամավորը: