Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
05 Դեկտեմբերի 2023, 11:05
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Հայկական ԱԷԿ-ի փակման ուղղությամբ քայլեր չի նախատեսում, չնայած թուրքական կողմի նամակին, որը հասցեագրված է ԱԷՄԳ-ին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ատոմակայանի փակման ուղղությամբ: Այս մասին հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ո՛չ, բացարձակապես ո՛չ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց առաջանա, մենք անմիջապես այդ մասին կտեղեկացնենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա և ինչ-որ գործողություններ պետք է ձեռնարկվեն: Սակայն այս պահին մենք վստահ ենք, որ նրա աշխատանքը կարող է շարունակվել», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Գրոսին:
Նա նաև նշել է, որ ՀԱԷԿ-ը հետևում է ՄԱԳԱՏԷ-ի հանձնարարականներին և հրահանգներին՝ սերտորեն համագործակցելով գործակալության հետ: Գրոսին վստահություն է հայտնել, որ Հայաստանը լուրջ աշխատանք է տանում ԱԷԿ-ի անվտանգության առումով:
ՀԱԷԿ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանն է։ Ատոմակայանը գտնվում է Երևանից մոտ 30 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտ։ Ներկայումս գործում է ՀԱԷԿ-ի միայն երկրորդ բլոկը՝ ապահովելով հանրապետությունում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության շուրջ 30-35%-ը:
Ատոմակայանը շահագործման է հանձնվել 1979 թվականին և կանգնեցվել 1989 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո։ 1995թ. ատոմակայանը ռուս մասնագետների մասնակցությամբ ապակոնսերվացվել է, որից հետո վերսկսվել է կայանի երկրորդ էներգաբլոկի արդյունաբերական շահագործումը:
2021 թվականի նոյեմբերին ավարտվել են էներգաբլոկի լայնածավալ արդիականացման աշխատանքները, ինչը թույլ է տվել երկարացնել էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը։