Հայաստանի ԱԽ քարտուղարը նվաստացրել է սեփական ժողովրդին. Մարիա Զախարովա

26 Հունիսի 2024, 17:00

Քաղաքականություն

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նվաստացրել է սեփական ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը Հայաստանից վերցրեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին և հեռացավ»։

«Որպես իշխանությունների ներկայացուցիչներ՝ նման գործիչները ստորացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին իրենց տարածքը, տվեցին իրենց կյանքը և հավատացին, որ դա պատմական նշանակություն ունի։ Այս թեզերի վրա երկար տարիներ կառուցվել է Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը։ Նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում՝ զոհաբերելով իրենց բարեկեցությունը, և ինչի համար իրենց կանանց ու երեխաներին դատապարտում էին այրիության և որբության։

Ինչպե՞ս կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշատակը, զրոյացնել այն, ինչը նախկինում և, կարծում եմ, հիմա էլ Հայաստանում սխրանք է կոչվում ։ Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին։

Երևի այդ հարցին պետք է պատասխանի հենց հայ ժողովուրդը։ Ինձ համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են այդքան նվաստացուցիչ վերաբերմունք ունենալ իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողության նկատմամբ, որն անցել է պատմական նման փորձությունների միջով, և որի հիշողության մեջ այդքան կենդանի են նորագույն պատմության ողբերգական էջերը»,- ասել է Զախարովան։

Հիմա եթերում