Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 99 տարեկան
22 Մայիսի 2023, 15:13
Առաջին անգամ ոտք դրեց հայրենիք 1964 թվականին, հետո 1988-ի Սպիտակի աղետալի երկրաշարժը նրան ցնցեց ու հավիտյան ամուր թելերով կապեց Հայաստանի հետ:
Մի գիշերում գրեց «Քեզ համար, Հայաստան» երգի բառերը, իսկ երաժշտությունը վստահեց իր քենակալ Ժորժ Կառվարենցին: Համախմբեց Ֆրանսիայի հանրահայտ 89 աստղի ու Հայաստանի համար զգալի օգնության մեծ ձեռք մեկնեց:
Աղետից 13 ամիս հետո` 1990-ին հունվարին, Ազնավուրը կրկին Հայաստան է գալիս` երկու ինքնաթիռ օգնության բեռով:
Սուրբ ծնունդը նշում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ: Ազնավուրը աջակցել է նաև Արցախի միավորման շարժմանը Շանսոնյեն Հայաստանը ներկայացնում էր միջազգային հարթակներում ու խոսում Հայ Դատի մասին և արդարադատություն պահանջում:
Ազնավուրը 1995-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական դեսպանն էր, 2009-ից` Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Նա Հայաստանին ծառայեց մինչև մահ, ու դրանից հետո էլ աշխարհը, նրա անունը տալով, տեղորոշում է Հայաստանը քարտեզի վրա: