Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին նվիրված համերգ՝ Մոսկվայում
04 Մարտի 2025, 22:30
Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանի համերգասրահում տեղի է ունեցել քաղաքական և պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովին նվիրված երեկո:
Միջոցառման ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Երեկոյին ներկա էին Նիկոլայ Ռիժկովի գործընկերներն ու ընկերները, ինչպես նաև մարդիկ, որոնք աշխատել են ԽՍՀՄ կառավարությունում՝ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը:
Նիկոլայ Ռիժկովը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նախագահն էր:
Պետական գործիչը միակ այլազգին է, ով արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը։
Ռիժկովն արժանացել է երկրի այս բարձրագույն պարգևին՝ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ունեցած անձնական ավանդի համար: