Հայաստանի խնդիրների բանալին ոչ թե Վաշինգտոնում կամ Բրյուսելում է, այլ Մոսկվայում. Դաշնային խորհրդի նախկին սենատոր

03 Հուլիսի 2023, 17:03

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին սենատոր Հովհաննես Օհանյանն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերությունների խնդիրներին ու տարածաշրջանից եւ Հայաստանից Ռուսաստանի դուրս գալու հնարավորությանը:

Օհանյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ Ադրբեջանից չի ստանալու, իսկ եթե անգամ ստանա, այդ բոլոր երաշխիքները, վաղն իսկ, կմոռացվեն։

«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, յուրաքանչյուր հայի ցավն է: Ինչպես ես հասկանում եմ, հիմա մենք գտնվում ենք այն շեմին , երբ Արցախը Հայաստանի կողմից ճանաչվելու է որպես Ադրբեջանի տարածք։

Փաշինյանը փորձում է վատ խաղի պայմաններում լավ խաղ խաղալ՝ համոզելով հայ հասարակությանը, որ ինքը մտածում է նրանց մասին և ցանկանում է Ադրբեջանից կյանքի երաշխիքներ ստանալ այն մարդկանց համար, ովքեր գտնվում և ապրում են Ղարաբաղում։ Կարծում եմ, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի:

Նա չի ստանա այդ երաշխիքները, իսկ եթե անգամ ստանա, բոլոր երաշխիքները, վաղն իսկ, կմոռացվեն։ Մենք մեծ հիշողություն ունենք, ամեն ինչ հիշում ենք։ Մեթոդների և ձևերի տեսանկյունից, թուրքերի և Ադրբեջանի պահվածքում ոչինչ չի փոխվել»,- ասում է Օհանյանը։

Նրա կարծիքով, ի սկզբանե, անհրաժեշտ էր ամեն ինչ այնպես անել, որ ռազմական բախում չլիներ:

«Պատերազմից խուսափելու համար ավելի վաղ էր հարկավոր քննարկել Ռուսաստանի հետ, ավելի սերտ շփվել: Եթե Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակն ավելի բարձր, ավելի սերտ լիներ, հավանաբար, հնարավոր կլիներ խուսափել արյունահեղությունից»,-նշել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, Հայաստանի բազմաթիվ խնդիրների բանալին Մոսկվայում է, ոչ թե Վաշինգտոնում կամ Բրյուսելում:

«Հայաստանի ղեկավարությունը սա պետք է հասկանա։ Ռուսաստանը կպայքարի Հայաստանի համար, գլխավորն այն է, որ Հայաստանը չհրաժարվի դրանից։ Ուստի, հայերի համար թունելի վերջում լույսն ու բանալին Մոսկվայում է»,- շեշտում է նախկին սենատորը:

Հիմա եթերում