Հայաստանի դեմ Ալիևի ագրեսիան պետք է իրական հետևանքներ ունենա․ Փալոնը ողջունել է Սենատի կողմից հայանպաստ օրինագծի ընդունումը

17 Նոյեմբերի 2023, 18:45

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունումը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը շրջանցելու նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։

«Ծափահարում եմ Սենատին «Հայկական պաշտպանության ակտն» ընդունելու համար։ Այժմ Ներկայացուցիչների պալատը պետք է հետևի այս քայլին և ընդունի իմ երկկուսակցական օրինագիծը՝ H.R. 5683-ը, որով 907-րդ ենթաբաժինն ուժը կորցրած կճանաչվի, և կարգելվի ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին։ Հայաստանի դեմ Ալիևի ագրեսիան պետք է իրական հետևանքներ ունենա», — գրել է Փալոնը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը։

2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։