Հայաստանի դեմ ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել

13 Նոյեմբերի 2023, 21:07

Քաղաքականություն

Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝  ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին և սատարում երկրի անվտանգությանը։ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում և ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։ Ըստ բարձր հանձնակատարի՝ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին։ Իսկ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար։ Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրոպական խորհրդի նախագահի կատարած աշխատանքի ներքո, քանի որ մեզ դա պետք է։ Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, և մենք պարտավորվում ենք շարունակել մեր միջնորդական դերը», — ասել է Ժոզեպ Բորելը։