Հայաստանի դեմ ռուս-թուրք-իրանական դաշինքի ճարտարապետը

08 Նոյեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։ Փոխարենը, Գրիգորյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։ Դժվար է պատկերացնել իրական արտաքին քաղաքական առաջնահերթությունների ավելի անկեղծ արտահայտում։

Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա Գրիգորյանի բացակայությամբ, որին փոխարինեց դեսպան Վաղարշակ Հարությունյանը, մի շարք կարևոր հայտարարություններ արվեցին ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։
Այսպես, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ մինչ այդ Արևմուտքի քայլերը միայն վատթարացնում են իրավիճակը։ Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում։ Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են տարածաշրջանում իրավիճակի դեգրադացիա և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ասել է Պատրուշևը։
Պատրուշևի ձևակերպումը հիմնականում կրկնում է այն, ինչ նախկինում ասվել է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Վերջին օրինակներից կարելի է հիշել Իրանի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Բաղերիի հայտարարությունը, ով հոկտեմբերին, մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, հայտարարեց, որ արտատարածաշրջանային խաղացողները մեծացնում են անկայունությունը։
«Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը օգուտ կբերեն բոլոր երկրներին։ Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ Արտտարածաշրջանային ուժերի առկայությունը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել էր նա։

Եթե վերանանք աշխարհաքաղաքական նախասիրություններից և փորձենք օբյեկտիվորեն նայել իրավիճակին, գոնե քարտեզին նայենք օբյեկտիվ, ապա կտեսնենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում անհնար է հարցեր լուծել Արևմուտքին տարածաշրջանային գործընթացներում ներգրավելով։

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ արտատարածաշրջանային դերակատարները փոքր երկրների միջոցով մտնում են մեզ նման տարածաշրջաններ, սակայն դա հնարավոր է առաջին հերթին, եթե այս կամ այն արտատարածաշրջանային խաղացողն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, այդ շահերի պաշտպանության մեխանիզմները ինչպես նաև, եթե չկա ակտիվ դիմադրություն տարածաշրջանային խաղացողների կողմից: Հարավային Կովկասի դեպքում ԱՄՆ-ը երկար ժամանակ փորձում էր «տարածաշրջան մտնել» Վրաստանով, հիմա Հայաստանը փորձում է կատարել այդ գործառույթը։ Սակայն իրավիճակի ողջ պարադոքսը կայանում է նրանում, որ քաղաքական, տնտեսական, էներգետիկ և կոմունիկացիոն ազդեցության առումով Արևմուտքը գործնականում ազդեցություն չունի մեր տարածաշրջանում։ Ավելին, մեր դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այս տարածաշրջանի երեք խոշոր երկրները (Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան) միավորված են «երրորդ ուժերի»՝ իրենց ազդեցության գոտի մուտքը թույլ չտալու շուրջ։ Եվ ով փորձում է ԱՄՆ-ին ներքաշել տարածաշրջան, դառնում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի թիրախը։ Սա քաղաքական աքսիոմա է։

Իշխանամետ քարոզչությունը հաճախ վախեցնում է հասարակությանը «Հայաստանի դեմ ռուս-թուրքական դաշինքի» առկայությամբ, մինչդեռ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ նպաստում է Հայաստանի դեմ ռուս-թուրք-իրանական դաշինքի ստեղծմանը։ Նիկոլ Փաշինյանը գործնականում այս դաշինքի ճարտարապետն է։

Իհարկե, առանց Բաքվի և անձամբ Իլհամ Ալիևի ակտիվ մասնակցության, օրինակ, արևմտյան բանակցային հարթակը չէր կարող կայանալ, սակայն Բաքվի վերջին գործողությունները՝ հրաժարումը Արևմուտքում որևէ փաստաթուղթ ստորագրելուց, ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ցանկանում դառնալ թիրախ Մոսկվայի, Թեհրանի և նույնիսկ Անկարայի համար։
Իրականությունն այն է, որ Հայաստանի ղեկավարության կանխամտածված քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացմանն ու սաբոտաժին, կհանգեցնեն Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի, Թուրքիայի և Իրանի միջև էլ ավելի մեծ մերձեցմանը, և այս «բարեկամությունը» կլինի Հայաստանի դեմ։ Բոյկոտելով ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում միջոցառումները, հրաժարվելով ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունից՝ Հայաստանը Ադրբեջանին հնարավորություն է տալիս «իր թիկունքում» բանակցել Ռուսաստանի հետ։

Կասկածից վեր է այն թեզը, որ Հայաստանն իր ներկա իրավիճակում կարիք չունի առաջնորդվելու «ռուսամետ», «արևմտամետ», «թուրքամետ» հասկացություններով, քանի որ քաղաքականությունը ռացիոնալ երևույթ է և պետք է միշտ գնահատել առկա իրողությունները և դրանց հիման վրա մշակել և շթկել քաղաքականությունը: Այն դերակատարները, ովքեր սա չեն հասկանում, միշտ անուղղելի վնաս են կրում։ Սա նույնպես քաղաքական աքսիոմա է։

Ով հրաժարվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, ով հաշվի չի առնում աշխարհաքաղաքական ու աշխարհագրական իրողությունները, ապա այդպիսի դերակատարը ծանր հարվածներ է ստանում։ Կա միայն ռացիոնալ քաղաքականություն: Կա մի իրողություն, որը պետք է ճիշտ գնահատել՝ Հայաստանի այսօրվա շահը պետականության պահպանումն է: Իսկ պետականությունը պահպանելու համար պետք է սկսել գոնե շուրջը նայելուց, համոզվելով, որ որոշ քաղաքական գործիչների գլխում առկա մենտալ քարտեզը գոնե ձգտում է համընկնել աշխարհագրական քարտեզի հետ։

Հիմա եթերում