Հայաստանի դեսպանը կանչվել Է ՌԴ ԱԳՆ

08 Սեպտեմբերի 2023, 19:36

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Երևանի կողմից իրականացված մի շարք ոչ բարեկամական քայլերի պատճառով, նրան բողոքի նոտա է հանձնվել, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, խոսքը Հայաստանում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցի և Կիևի վարչախմբին հումանիտար օգնություն փոխանցելու, ինչպես նաև Հայաստանում ամերիկյան կողմի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին է։ Այս քայլերը բնորոշվել են ոչ բարեկամական։

Անընդունելի է համարվել նաև սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ-ի և մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին արված վիրավորական հայտարարությունը։

ՌԴ ԱԳՆ խիստ մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի տարածքում բլոգեր Միքայել Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա»-ի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։

Ինչպես հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, Մոսկվան հիմք է ընդունում այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, իսկ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու բոլոր պայմանավորվածություններն ի կատար են ածվելու՝  ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Խոսքը, մասնավորապես, ՀԱՊԿ զորավարժություններ կազմակերպելու և Հայաստան ՀԱՊԿ դիտորդական հանձնաժողով գործուղելու մասին է՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով»․

«Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն՝ այդ ուղղությամբ»։