Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում

18 Հոկտեմբերի 2024, 19:11

Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասել է Անի Բադալյանը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր:

Այսօր Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանը և Թուրքիան հանդիպման ժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնել «3+3» հարթակում։