Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան
20 Սեպտեմբերի 2025, 12:03
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղոություն է հաստատված: Այդ խաղաղությունը իհարկե հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ը մի երկար գործընթացի գագաթնակետն է:
Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել, հարգելի գործընկերներ:
Անկախությունից ի վեր մենք որևէ նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի:
Սա խաղաղությո՛ւն է, կամ սա՛ է խաղաղություն: Շատ պարզ է․ այնպես անել, որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս …. 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,- նշել է Փաշինյանը: