Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին խոչընդոտող պայմաններ չկան. Բոգդան Բեզպալկո

24 Նոյեմբերի 2023, 00:15

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը, ինչպես նաև դրա հետ կապված հնարավոր խնդիրները:

«Ես հիմա Հայաստանի կողմից որևէ խոչընդոտ չեմ տեսնում այդ պայմանագրի կնքման համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերացվել է, այն պաշտոնապես ինքնալուծարվել է, բնակչությունը վտարվել է, տարհանվել է, ռազմական գործողություններ այժմ ուղղակիորեն Ադրբեջանի և Հայաստանի միջև չեն ընթանում: Սա, իհարկե, չի բացառում Հայաստանի վրա ճնշումները, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ պայմանավորվածության կնքմանը խոչընդոտող որևէ պայման դեռևս չկա։

Այս իրավիճակում այդ ամենը կախված կլինի նրանից, թե որքանով Հայաստանի վարչապետը նպատակահարմար կհամարի նման պայմանագրի կնքումը։ Բայց առայժմ ոչ մի տեղեկություն չկա, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է այդ պայմանագրի ստորագրմանը։ Նա չի հերքել Ալիևի խոսքերը, չի ասել, որ պայմանագիրը ստորագրելը վաղ է, որ ինչ-որ հատուկ պայմաններ կան, այսինքն՝ հիմքեր ենթադրելու, որ այդ պայմանագիրը չի ստորագրվելու, ես դեռ չունեմ։ Իհարկե, այն կարող է ձախողվել, բայց առայժմ ես դրա համար ոչ մի նախադրյալ չեմ տեսնում», — կարծում է Բեզպալկոն։

Խոսելով այն մասին, թե ինչպես է կոչվելու խաղաղության մասին փաստաթուղթը՝ Բոգդան Բեզպալկոն գալիս է այն եզրակացության, որ կարևոր չէ, թե ինչպես է այն կոչվելու, շատ ավելի կարևոր է, թե ինչ է գրված դրանում։

«Ադրբեջանի համար, ըստ էության, այդ պայմանագիրը կարևոր է այն տեսանկյունից, որ դա առաջին հերթին այդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի ճանաչումն է։ Կարևոր չէ, թե ում հետ՝ միայն Ղարաբաղի, թե Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության հետ։ Երկրորդ՝ դա Ադրբեջանի սահմանների ճանաչումն է այն սահմաններում, որով Բաքուն ցանկանում է։ «Զինադադարի պայմանագիր», «խաղաղության պայմանագիր» «սահմանների լեգիտիմացման պայմանագիր», դա սկզբունքորեն նշանակություն չի ունենա։

Դժվար թե Ղարաբաղի հայ բնակչության համար ավելի հեշտ լինի նրանից, որ այդ պայմանագիրը, օրինակ, կկոչեն «Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության պայմանագիր» կամ որևէ այլ ձևով։ Պարզապես սա փաստաթուղթ է, որտեղ կգրանցվի գոյություն ունեցող սահմանների ճանաչումը Հայաստանի կողմից», — եզրափակել է քաղաքագետը։

Հիմա եթերում