Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում տեղի չի ունենա. Դմիտրի Ժուրավլյով
17 Հոկտեմբերի 2024, 21:30
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին։
Նրա խոսքով՝ սա չափազանց ցավոտ թեմա է Հայաստանի և Ադրբեջանի համար։
«Զիջումների գնալն այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ եթե դա ուզում ես, էլ չեմ ասում, եթե չես ուզում: Դրա համար էլ վերջնական արդյունքը, կարծում եմ, Հայաստանի համար դժվար թե շատ լավ լինի, որովհետև Ալիևն, իհարկե, Ադրբեջանի ճանաչված ղեկավարն է, բայց իր հասարակության կարծիքին դեմ գնալ դժվար թե կարողանա։ Այսինքն՝ նա կարող է շատ սահմանափակ զիջումների գնալ, ինչի պատճառով էլ պայմանագիրը չստորագրվեց։ Ադրբեջանը չի կարող չափազանց շատ զիջել։ Եւ Հայաստանը նույնպես ։ Երկու կողմերն էլ խիստ սահմանափակված են իրենց հասարակական կարծիքներով։ Ես չեմ սպասում, որ դա (խաղաղության պայմանագրի ստորագրումը) շուտով տեղի կունենա։ Քանի դեռ կային ընդհանուր դեկլարատիվ փաստաթղթեր, դրանք ստորագրելը հեշտ էր, իսկ երբ ինչ-որ կոնկրետ բովանդակությամբ պայմանագրեր են կնքվել, դա շատ դժվար է ստորագրել։ Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ ընդհանուր փաստաթղթերն էլ այդքան հեշտ կստորագրվեն», — ասել է Ժուրավլյովը։
Փորձագետի կարծիքով՝ ամերիկացիներին պետք է, որ այդ վեճում հաղթեն նրանք, ովքեր իրենց վրա կկենտրոնանան։
«Ամերիկացիներին նախ պետք է, որ գործի Արևելքից Արևմուտք ճանապարհը։ Երկրորդ՝ ամերիկացիներին պետք է, որ այդ վեճում հաղթեն այն ուժերը, որոնք կկենտրոնանան իրենց վրա։ Այսօր Հայաստանը պատրաստ է կողմնորոշվել դեպի Արևմուտք, Ադրբեջանն՝ ավելի քիչ։ Կա ռազմավարական նպատակ՝ Հնդկաստանից Եվրոպա տրանսպորտային միջանցքի կառուցում և կա մարտավարական նպատակ՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում», — եզրափակել է Ժուրավլյովը։