Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում լճանալու է. Արթուր Աթաև
23 Փետրվարի 2024, 23:35
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ հայտարարությունը:
Ըստ փորձագետի՝ Փաշինյանը համոզված է, որ ՀԱՊԿ մեխանիզմը Հայաստանի նկատմամբ չի գործում:
«Նախ նշեմ, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունն արվել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո, Ֆրանսիայի ՊՆ-ի հետ Հայաստանի համար բավականին տևական և իրական համագործակցության արդյունքներից հետո։ Մասնավորապես, դա նշանակում է, որ մշտական հիմունքներով Հայաստան է գործուղվելու ռազմական ներկայացուցիչ կամ ռազմական տեսուչ Ֆրանսիայի ՊՆ-ից։
Երկրորդ՝ այս հայտարարությունն առայժմ ընդամենը քաղաքական հայտարարություն է, ՀԱՊԿ քարտուղարություն որևէ գրավոր ծանուցում այդ կապակցությամբ չի ուղարկվել։ Բայց ակնհայտ է, որ դա ժամանակի հարց է։ Այսօրվա դրությամբ Փաշինյանն, ինչպես հետևում է նրա հայտարարությունից, համոզված է, որ ՀԱՊԿ մեխանիզմը Հայաստանի նկատմամբ չի գործում, ուստի Հայաստանի քաղաքական վերնախավում գերակշռում է այն կարծիքը, որ տվյալ դեպքում հայտարարության ներկայիս ձևաչափը միայն հավաստում է այն, ինչ կա իրականում»,- ասել է Աթաևը։
Փորձագետի կարծիքով՝ կիրագործվի Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր գիծը, որն ընտրել է Փաշինյանը։
«Ռուս-հայկական երկարաժամկետ համագործակցության համար քաղաքական ոլորտում միանշանակ սպառնալիքներ կան։ Ըստ ամենայնի՝ այն գիծը, որն ընտրել է Փաշինյանը, այն է՝ շեշտադրումը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի բազմավեկտորության վրա, շեշտադրումը ամերիկա-եվրոպական համագործակցության վրա, կյանքի կկոչվի։ Տնտեսական ոլորտում, կարծում եմ, համագործակցությունը կշարունակվի նույն լուրջ հիմնարար արդյունավետ մակարդակով, ինչ հիմա»,- նշել է քաղաքագետը։
Նա անդրադարձել է նաև Հայաստանում առկա ռուսական ռազմաբազային։
«Գյումրիի ռազմաբազայի հարցը չի բարձրացվում, բայց մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի հետ իրական համագործակցությունը կուժեղանա, իսկ Ռուսաստանի հետ իրական համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում լճանալու է»,- եզրափակել է Աթաևը։