Թուրքիայի ռեժիմի փոփոխությունը դեպի ժողովրդավարություն կարող է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը. ԵԽ պատգամավոր

07 Ապրիլի 2025, 22:00

Քաղաքականություն

«Հայոց ցեղասպանության ճանաչումը բացարձակապես անհրաժեշտ է», — Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարի Տուսենը։

«Նախ՝ հիշել և նաև պայքարել նրանց դեմ, որոնք դեռ 110 տարի անց ժխտում են տեղի ունեցած կոտորածը: Բայց մենք նաև պետք է ապրենք Հայոց ցեղասպանությունը հիշելով։ Եվ դա հատկապես անհրաժեշտ է, երբ հայ ժողովուրդը դեռ ենթարկվում է հարձակումների, երբ ռմբակոծություններ են տեղի ունենում, երբ մարդկանց գերի են վերցնում, երբ մենք դեռ էթնիկ զտումներ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ առանց վերադարձի իրավունքի։ Կարևոր է հիշել այս ցեղասպանությունը, քանի որ այն կարող է կրկնվել: Եվ դա մեզ՝ նկատի ունենք Եվրոպական միությունը և բոլոր ժողովրդավարական ժողովուրդներին, տալիս է պատասխանատվություն, շատ կարևոր պատասխանատվություն, որ ոչ միայն հիշելև հարգել հիշողությունը, այլև գործել՝ համոզվելու համար, որ դա չի կրկնվի:

Թուրքիայի հետ հարաբերություններում ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդն ինքնիշխան է։ Եվ նրանք պետք է որոշեն, թե որքան հեռու կարող են առաջ շարժվել Թուրքիայի հետ և որքանով են պահանջատեր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Իմ անձնական կարծիքով, բացարձակապես անհրաժեշտ է՝ թուրքական վարչակարգը, որն առանց այդ էլ վատ է վերաբերվում մարդու իրավունքներին, ազատություններին, փոխվի և անցնի ավելի ժողովրդավարական համակարգի, ինչի համար մենք մեծ հույս ունենք, հատկապես այս օրերին: Սա կարող է նպաստել նաև հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։